Գորիսի սրբավայրերը


Գորիս

Ժայռեղեն սյուների երկրի թագուհին է հպարտ Գորիսը, որը փռված է Ձագեձորի` Վարարակն գետի հովտում: Հովիտը շրջափակող լեռնալանջին ակոսում են խոր ու երկար ձորեր: Այնտեղ եղել են հին բնակավայրեր, որոնց մի մասի հետքերն այսօր մնում են` Սանդի ձոր, Շոր ջուր, Ծակերի ձոր…:  Գետի հովտում Սիսակի տոհմից Ձագ նահապետը շինեց Սյունիքի բերդերից` Հաբանդի` Ձագեձորի բերդը և ձորն էլ իր անունով կոչեց Ձագեձոր. Հանբադա բերդ, որը Սիսակի նույն տոհմի Ձագ նահապետը շինեց մի գետի վրա և իր անունով ձորը կոչեց Ձագեձոր, բերդն էլ Ձագեձորո բերդ:
Գորիսի շրջակայքը լի է արտասովոր աշտարակներով, ամրոցներով, բուրգերով, քարանձավներով, քարակերտ հրաշալիքներով, բազմաթիվ պատմա-ճարտարապետական հուշարձաններով` վանքերով, մատուռներով, սրբավայր- ուխտատեղիներով, որոնք խոսում են դարերի խորքից, քարեղեն լեզվով պատմում հայ վարպետների ճարտարող ձեռքերի, հանճարի լույսի մասին: Ամեն մի վանք, ամեն մի մատուռ մի լեգենդ ունի` բացահայտված ու չբացահայտված: Հեքիաթային է հին Գորիսը, որտեղ գորիսեցին կառուցել և սերունդներին է թողել կոթողներ, որոնք դարերի պատմություն ունեն, այսօր էլ կանգուն են կամ կիսավեր և կարիք ունեն վերահառնելու: Դրանց մի մասը ուսումնասիրված է:Գորիս քաղաքի կենտրոնում է գտնվում սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 1897-1904թթ, որի կառուցումը ղեկավարվել էր մի իտալահայի կողմից: Այն շինարարական եզակի կառույց է: Եկեղեցու շենքի կառուցման նախաձեռնողները եղել են Մելիք Հյուսեինյանները, իսկ շինարարներից են` Հայրապետը, Ալեքսանը, Դանիել Մելիք-Օհանյան եղբայրները, Հայրապետ Խուրշուդյանը, Աթուն ամին, Գրիգոր Տոռոզյանը և այլոք: Եկեղեցին 1903թ-ին օծվել է Խրիմյան Հայրիկի կողմից, իսկ բացվել է 1904 թ, բայց չի ունեցել գմբեթ և խորան: 1920 թ. Գարեգին Նժդեհը Գորիսում ամուսնացել է դեռատի օրիորդ Արուսյակ Ալեքսանի Մինասյանի հետ, և պսակը կատարվել է այս եկեղեցում (սա նրա երկրորդ ամուսնությունն էր): 1921թ. փետրվարին Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ նաև Գ.Նժդեհի` սպարապետ օծվելու հանդիսավոր արարողությունը: 1926թ. եկեղեցին փակվել է և մինչև 1960-ական թվականներն օգտագործվել որպես հացամթերման պահեստ, հետո երկրագիտական թանգարան` մինչև 1988թ-ը: 1989 թ-ի դեկտեմբերին եկեղեցին վերաբացվեց: 1988–ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա կոնդակով Զանգեզուրի տարածաշրջանում ստեղծվել է Սյունյաց թեմ: Առաջին առաջնորդն էր Ասողիկ եպս. Արիստակեսյանը (1988-1993): 1996-ի մայիսին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով Սյունյաց թեմը վերակազմավորվել է և աթոռանիստ է դարձել Գորիսի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը ընդգրկում է ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերը: Սյունյաց թեմը հայ եկեղեցու հնագույն և ամենանշանավոր եպիսկոպոսական աթոռներից է (ըստ Ս. Օրբելյանի, հիմնել է Գրիգոր Լուսավորիչը): Սյունիքը Հայաստանի ներկա եպիսկոպոսական աթոռների թվում միակն է, որ միջնադարում մետրոպոլիտության կարգավիճակ է ունեցել: 1993–ից մինչ այսօր Սյունյաց թեմի առաջնորդն է Աբրահամ եպս. Մկրտչյանը: 2005թ -ի մայիսին Գարեգին Բ-ի կոնդակով Սյունյաց թեմում ստեղծվել է Սյունիքի փոխառաջնորդարաններ: 2005-2009 թթ.-ին փոխառաջնորդ էր Աբգար աբեղա Հովակիմյանը, իսկ 2009թ.-ի դեկտեմբերին նրան փոխարինեց Տ.Զավեն աբեղա Յազիչյանը: 1984-1997թթ-ին քաղաքի ճարտարապետ Սևադա Զաքարյանի նախագծով կառուցվեցին եկեղեցու գմբեթն ու սուրբ խորանը, որոնք օծվեցին եկեղեցու բացման օրը `1997թ.դեկտեմբերի 20-ին: Առանց գմբեթի եկեղեցին ունեցել է 12մ բարձրություն, իսկ գմբեթը կառուցելուց հետո մինչև նրա գագաթը 25 մ 70 սմ է, խաչի հետ`28 մ: Խաչը, որ արևելահայաց բրոնզապատ մետաղ է, նույնպես Ս.Զաքարյանի գծագրով պատրաստել է գորիսեցի մետաղագործ Ռազմիկ Դոլունցը: Իսկ վարպետներ Վլադիմիր Սարգսյանը, Արամայիս Ճատունցը, Միհրան Թևոսյանը, Արշակ Առաքելյանը, Սուրիկ Թելունցը, Ալբերտ Սահակյանը, Գարուն Իսախանյանը և Գարուն Քաթանյանը կառուցել են սուրբ սեղանը, թմբուկը և վեղարը: Այդ օրը տեղի ունեցավ հանդիսավոր պատարագ, որը իրականացրեց Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Ներսիսյանը, իսկ խաչը օծվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի կողմից: Այսօր եկեղեցին գործում է և մեծ նշանակություն ունի գորիսեցու կյանքում:
Գորիսը քաղաք հռչակվելուց հետո քաղաքի կենտրոնում գործել է ոսկե փայփլուն գմբեթներով ռուսաց ժամը, որը համարվել է այդ ժամանակ քաղաքի ամենաբարձր շենքը: Եկեղեցու կառուցումն ավարտվել է 1897թ.: Սպիտակ բազալտ քարից կառուցված այդ եկեղեցին քանդվել է 1926 թ.: Գտնվել է նախկին շրջխորհրդի գործկոմի շենքի տարածքում:
<Կյորեսն ուներ իր սուրբերը` Կանաչ եկեղեցի, ս.Մարտիրոս, Եզան Սուրբ, Ճգնավոր (Ճգնավորը գտնվում է հին Գորիսում`Գյունեյ թաղում)… Ոչինչ եկեղեցական չկար այս ուխտավայրերում`ոչ գիր, ոչ խաչ: Քարափոր այրեր էին բարձր քերծերի լանջին, մրոտած պատերով, հողե սև ճրագներով, օջախի քարերով, որը երբեմն տաքանում էին մատաղների կրակից: Միայն Կանաչ եկեղեցին ուներ ժայռի մեջ փորած սանդուղքներ, և որ դրանք փորել էր մի մենակյաց տարի:>
Հին Գորիսում մեծ արժեք են ներկայացնում Անդուրի վանքը(Xդ) և վանքի մոտ` խաչքարերը, Ձագեձորի վանքը 5-6-րդ դ, Կարմիր վանքը 17-րդ, Մելիքների և Սբ.Հռիփսիմե եկեղեցիները, ս.Մարտիրոս կիսավիմափոր մատուռը, Խաչին Աղբյուրը, Սինդարա եկեղեցին, Գորիսում` Սբ.Գր.Լուսավորիչը, Վերիշենի Նորակնունք և Սբ.Հռիփսիմե եկեղեցիները: Հայտնի է նաև Ղալա-քեն –քերծ ամրոցը, որը մեծ նշանակություն է ունեցել 17-18 –րդ դարերում:
Հին Գորիս գյուղատեղիի արևելյան եզրին է գտնվում <Ձագեձոր>ի ամրոցը, որից պահպանվել է միջնաբերդը, որը բարձրադիր դիրք է գրավում քարաժայռի վրա:
Հին Գորիս գյուղում` Արխաջի ձորում է գտնվում հին Մատուռ, որի շուրջը գերեզմանոց է և որը թաղակապ, ուղղանկյուն հատակագծով կառույց է: Վերականգնվել է 19-րդ դարում:
Հին Գորիսից արևելք, բարձր ձորաբերանի գլխին է գտնվում միջնադարյան <Խաչին աղբյուր> մատուռը, որն ունի ուղղանկյուն հատակագիծ: Կամարակապ է, ունի երկթեք ծածկ, իսկ դարավոր հաստաբուն բոխի ծառի տակ, աղբյուրի կողքին է գտնվում մի մեծ ժայռաբեկոր, որի արևելյան երեսին գտնվում է այս հնագույն վայրի վիմագիր արձանագրությունը, որը մեզ է հասել 1091 թ.ից: Այն հրապարակել է Ս.Բարխուդարյանը: Արձանագրության մեջ կարդում ենք. <Շինեցի Սուրբն Քրիստափոր մեզ և ծնողաց բարեխաւս իՔս Թվ.:ՇԽ>: Սա Վարարակնի հովտում առայժմ գտնված ամենահին վիմագիր արձանագրությունն է: Մատուռը` ըստ եղած վերգետնյա նյութերի, կարելի է թվագրել միջնադարի կառույց, 19 –րդ դարում վերակառուցվել է, և մատուռը մինչև այժմ էլ փափագելի սրբավայր է:
Հին Գորիսի հարավային մասում, բլրալանջին է գտնվում 17դ Սբ. Հռիփսիմե եկեղեցին. կիսավերանորոգված է:
Հին Գորիսի հյուսիս արևելյան եզրին, բարձունքի վրա է գտնվում 9-10 դդ Սբ. Մարտիրոս մատուռը, որը ժողովրդի լեզվով կոչում էին Սմուրտիրես, որի մոտ և նրա ներսում կան 2-3 անարձանագիր խաչքարեր: Կիսաժայռափոր է, վերակառուցվել է 1703թ:
Հին Գորիսի արևելյան եզրի գերեզմանոցում է գտնվում 17դ. <Մելիքների եկեղեցին>:
Գորիսի հյուսիսային մասի տարածքը մինչև օրս էլ կոչվում է Վանքի տափ: Օրբելյանի հարկացուցակից ենթադրվում է, որ այդտեղ Պետրոսկա վանքն է եղել: Այդ կարծիքին է նաև Ս.Խանզադյանը, իսկ Լալայանը կարծում է, որ վանքի անունը Զոռ է եղել և գրում է.<Զոռ վանքը ունեցել է բազմաթիվ հոտեր, որոնց տուած կաթը խողովակներով հոսել է սարից մինչև վանքը>:
Վերջին տարիներին Գորիս քաղաքի ընդարձակման հետ կապված հողային աշխատանքների ժամանակ թիվ 3 դպրոցի շրջակայքում ոչ մեծ խորության վրա բացվել են Ե.Լալայանի հիշատակած խողովակները: Դրանք կավե 10 սմ տրամագծով զուգահեռ գցված զույգ խողովակաշարեր են, որոնք ձգվել են մոտ 1000 մ, հատել Վարարակն գետը և սարերից հասել մինչև Պարունի բաղի շրջակայքում գտնվող վանքը: Խողովակները կարող էին օգտագործել նաև ջրի համար: Այս ամենը խոսում է այն մասին, որ եթե Վարարակնի հովտում եղել է Պետրոսկա վանք անունով բնակավայր, որը 10 միավոր հարկ էր վճարում Տաթևին, ապա այն եղել է Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի տարածքում: Ս. Բարխուդարյանը նշում է, որ Գորիսից արևմուտք, Վերի Շեն տանող ճանապարհի մոտ, բարձրության վրա բանջարանոցների մեջ տեսել է վանքի ավերակներ և այն անվանել է Ձագաձորի վանք: Այժմ միայն պատերի հետքերն են մնում: Վանքի տափի աջ բարձունքում`ավտոձեռնարկության բակում, մինչև հիմա մնում են եկեղեցու ավերակները, այդտեղ եղել է նաև հին գերեզմանոց:
Սրբատեղի կա Վանքի տափի ձախ մասում`Վարարակն գետի մյուս ափին՝ Պարունի բաղի շրջակայքում: Սրբատեղը մինչև հիմա մնում է, գտնվում է նոր ավտոկայանում: Գորիսի նոր ավտոկայանի շինարարության ժամանակ բացվեց նաև հին բնակատեղի և գտնվեց խաչքար:
Հին Գորիսի հյուսիս-արևմուտքում է գտնվում <Ծակերի ձոր>ը, որի վերնամասը կոչվում է նաև Շորին ձոր: Ձորի մեջ կա հին բնակատեղի, ձորալանջին փորված են բազմաթիվ արհեստական քարայրներ,`<քրատակներ-այրեր>, իսկ ձորի շրթունքին կա մի ժայռափոր եկեղեցի`Կարմիր եկեղեցին: <Հայտնի էր Կարմիր խաչը, որը շատ դժվար ելանելի մի քրատակ էր, խոր ձորի վրա`Ծակեձորի բօղազում`մուտքի մոտ, հին եկեղեցու ավերակներից վեր և Կանանչ գիրակի օրը` Կրկնազատիկին հավաքվում էին այս ուխտատեղին և տեղի էին ունենում մատաղ, պարեր, ձիարշավ, մրցություններ, հրացանաձգություն` ձվի կամ այլ նշանի վրա, երբեմն քանդիրբազի խաղեր`լարախաղացություն>: Ձորամիջին կան հին բնակավայրի հետքեր, եկեղեցու ավերակներ: Եկեղեցու շինարարության համար օգտագործվել է տեղի շոր`սպիտակ, ծակոտկեն շինաքարը և որ այդ եկեղեցին կառուցվել է 1765 թ.Մելիք Օհանը., Յիշատակե եկեղեցիս Մելիք Օհանին և իւր ծնողացն Պաղըրին. թվին: ՌՄԺԴ>: Մելիք Օհանի գերեզմանը գտնվում է հին Գորիսում` Մելիքների եկեղեցու հարավային պատի տակ: Եկեղեցին ներկայումս ավերակ է: <Ծակերի ձոր>-ի վերնամասը հավանաբար հենց Աղոջրիկ գյուղն է, որն իր անունը ստացել է Շոր ջուր վտակը կազմող սելտերյան աղբյուրներից:
Շորին ձորի աջափնյա տափարակում է գտնվում Ըղջիազի թաղամասը: Աղոջրիկը բարբառում կարող էր դառնալ ըղջիազի և մնալ մինչև մեր օրերը: Ըղջիազիի տարածքում` Ավանգարդ թաղամասում, գործող գերեզմանոցի մոտ, <Խաչեր> վայրում է գտնվում Ժայռափոր եկեղեցին:
Գորիսից 1,5 կմ հյուսիս արևմուտք , <Սինդարա > վայրում գտնվում է 9-18դդ ավերված գյուղատեղի: Այստեղ է գտնվում 17-18դ եկեղեցին: Եկեղեցին կիսավեր վիճակում է: Գյուղատեղիի հյուսիսային կողմում է գտնվում 17-18դդ <Խաչեր> մատուռը` Սինդարայի խաչը:
Վարարակն գետի հովտում է փռված Գորիսի հյուսիսային մասում գտնվող Վերին `Յերի շեն`Վերիշեն և Բռուն`Ակներ գյուղերը : Եղել են հին բնակավայրեր:
Վերիշեն գյուղի հյուսիսային մասում գտնվող Հին Վերիշեն գյուղատեղիի հյուսիսային եզրին է գտնվում 17-18 դդ. սբ.Նորակնունք եկեղեցին: Արևմտյան մասը ժայռափոր է, բակում կա տապանաքար 1709 թ.ի արձանագրությամբ. <Այս է հանգիստ Բարոնի որդի Բարոն Պապին:. թվ:ՌՃԽԸ:>: Գործող եկեղեցի է:
Վերիշեն գյուղի կենտրոնում`գյուղապետարանի մոտ է գտնվում 4-5դդ. Սբ. Հռիփսիմե եկեղեցին: Հայաստանի միանավ ամենախոշոր, արտաքուստ շեշտված խորանով եկեղեցին է: Ցավոք, եկեղեցին քիչ է ուսումնասիրված: 1621թ. հիմնովին վերանորոգվել է: Պատկանում է այն սակավաթիվ եկեղեցիների թվին, որոնց աբսիդը դրսից շրջանաձև է: Եկեղեցին ամբողջությամբ պահպանված է և իր տեսքով հիշեցնում է Նոյան տապանը: Հինգ զույգ որմնամույթերով ներքին տարածքը բաժանվում է վեց մասի: Որմնամույթերը այնքան լայն են, որ դրանց միջև եղած տարածությունները խորշերի տպավորություններ են թողնում, իսկ այդ խորշերը ավարտվում են ծակոտկեն դեղնավուն քարերից շարված երկկենտրոն կամարներով: Արևելքում այն ավարտվում է ներսից և դրսից կիսաշրջանաձև խորանով: Եկեղեցին ունի երկու մուտք`արևմտյան և հարավային: Արևմտյան մուտքն ավելի ուշ վերանորոգման հետևանքով ստացել է երկկենտրոն վերջավորություն: Մուտքի կառուցվածքում օգտագործվել է խաչքար: Այն հավանաբար կառուցվել է 16-րդ դարի սկզբին և արևմտյան մուտքի վրա որպես բարավոր դրված խաչքարի արձանագրությունից ենթադրվում է, որ մուտքի կառուցումը ավարտվել է 1509թ`ՋԾԸ-150918: Այդ մուտքից դեպի արևելք այժմ կա պատուհանի տեսք տրված մի բացվածք, որը հավանաբար նախկինում մուտք է եղել: Այդ են վկայում պատուհանի համար գրեթե անսովոր չափսերը և պատի շարվածքի մեջ դրված պահունակը: Եկեղեցու հարավ –արևմտյան ճակատային պատի վրա պահպանվում է քիչ վնասված արևի ժամացույցը: Հարավային պատում պահպանվել է հնագույն մուտքը <այժմ փակված> երկու կողմերում քարե բարձակներով: Պատերի մեջ օգտագործված են հնագույն կառուցվածքի բեկորներ, որը բնորոշ է հայկական վաղ միջնադարի ճարտարապետությանը: Եկեղեցու պատերին ագուցված են բազմաթիվ խաչքարեր`ընթեռնելի և անընթեռնելի արձանագրություններով, իսկ բակում սփռված են տապանաքարեր և խաչքարեր, որոնցից շատերն իրենց նախնական տեղից հանված և տեղափոխված են այստեղ: Եկեղեցու բակում ներկայումս կա նաև մեջտեղում փորված մի քառանկյունաձև սանդանման քար, որի մոտ հավանաբար տեղի են ունեցել կրոնական զոհաբերություններ: Ըստ տեղացիների, առաջ այդտեղ մեծ միջնադարյան գերեզմանոց է եղել, սակայն աստիճանաբար այնտեղ բնակելի և հասարակական շենքեր են կառուցվել ու կարևորը` հանված խաչքարերն ու տապանաքարերը տեղափոխվել են եկեղեցու անմիջական բակը: Եկեղեցին լրիվ կանգուն է, սակայն ունի ներքին հարդարանքի և տանիքի ամրացման խնդիր: Խորհրդային ժամանակներում նրան նույնպես <բախտ է վիճակվել> ծառայելու որպես պահեստ: Իսկ բուն գերեզմանոցի տարածքի մեծ մասը զբաղեցրել են մշակույթի պալատն ու մանկապարտեզի շենքը: Եկեղեցուն կից պահպանվում է մի խարխլված երկհարկանի շինություն, հավանաբար այն եղել է մատուռ կամ հոգևոր սպասավորների կացարան: Գետնափոր առաջին հարկը ներկայումս լցված է հողով, իսկ մնացած մասը օգտագործում են որպես ցախանոց: Եկեղեցու բակում տարբեր ժամանակների և խաչքարային արվեստ տարբեր փուլերին պատկանող խաչքարերի ու տապանաքարերի մեջ կա սահմանասյան տեսքով, հազվադեպ հանդիպող մի կոթող: Եկեղեցին կառուցված է տեղական կոշտ քարով: Նրա բակից երևում է ամբողջ գյուղը:

Գորիսը մինչև 1930 թ.
Գորիսը մինչև 1930 թ.

Վարարակնի գետակունքին է գտնվում Ակները`Բռունը, որը հիմնադրվել է 1880 թ.: Գյուղի շրջակայքում կան կիկլոպյան կառույցների, միջնադարյան բերդի հետքեր, եկեղեցիներ, սրբավայրեր… Հայտնի են <Գորիսի Տները>, Կյուփերի կամ Շենին տակի մենհիրները` հեթանոսական շրջանից, Մեծ Խաչը`Իշխանասարի գագաթին, Ուհանին Կրքորի, Հրաչիկի, Գարենի,  Գառնիկի, Արտուշի խաչերը…
Գորիսից 5 կմ հարավ է գտնվում Քարահունջ գյուղը: Գյուղի շրջակայքում կան ժայռերի վրա փորագրված արձանագրություններ, ըստ պատմիչ Աբ.Կրետացու, գյուղի կենտրոնում կար սրբատաշ քարերով կառուցված մի պատվական եկեղեցի` Ս.Հռիփսիմե եկեղեցին, որի մուտքի ճակատին փորագրված է (ՌՃԻԴ) 1124թվականը (1675թ): Եկեղեցին ունի կամարներ, սյուներ, բեմ, բեմի աջ ու ձախ կողմերում խցիկներ, զանգակատուն`մեծ ու փոքր զանգերով: Եկեղեցին մի քանի տարի եղել է կոլտնտեսության պահեստ. այժմ դատարկ է: Մասնակի վերանորոգումից հետո եկեղեցին այսօր էլ սրբավայր է:
Գյուղի հյուսիսային մասում կա մի հսկայական ժայռաբեկոր`<Օխտն օրորոց>ը: Ասում են` հսկա ժայռերի տակ ապրելիս է եղել նահապետական բազմանդամ մի ընտանիք`յոթ օրորոցներով, որը երկրաշարժից մնացել է ժայռաբեկորի տակ: Այն ունի պատմական նշանակություն, ժայռաբեկորի լայն ողորկ երեսի վրա փորագրված են հայերեն տառերով արձանագրություններ,արևի ժամացույց, խաղ, մարդկանց, կենդանիների պատկերներ…
Հողը սուրբ է, երբ արժեքները պահպանվում են . . . 

Կրթության ազգային ինստիտուտի Սյունիքի մասնաճյուղի մասնագետ`

Նունե Ասրյան

Реклама

ավելացնել մեկնաբանություն

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s